Մենք անրադարձել ենք Mercedes-Benz ընկերության G63 AMG 6x6 ամենագնացի տարբեր ձևափոխումներին: Այս անգամ հերթը Mansory-ինն է: Թյունինգային ընկերությունը հետ չմնալով Brabus-ից ներկայացրել է Mercedes-Benz-ի հրեշի իր տարբերակը, որը ստացել է 840 ձիաուժ հզորություն (գործարանային 544 ձիաուժ, Brabus թյունինգ 700 ձիաուժ): Ինչպես նկատեցիք Mansory-ն ներկայացրել է G63 AMG 6x6-ի ամենահզոր տարբերակը, շրջանցելով նույնիսկ Brabus-ի ներկայացրած B63S-700 6×6 ամենագնացին: Իհարկե այս ամենագնացը այդքան էլ հզորության կարիք չունի, սակայն կան մարդիք, որոնց նույնիսկ մեքենայի վեց անիվները չեն բավականացնում: Հենց այդ ճանապարհն են ընտրել նաև Mansory-ի թյուներները, դարձնելով մեքենան ավելի բացառիկ:
Արտաքնապես ամենագնացը գրեթե անփոփոխ է, սակայն սրահում թյուներները խոստանում են Alcantara նյութից կաշվե ծածկույթ և թանկարժեք փայտից ներդիրներ ավելացնել:
Իսկ հիմա կարևորը, Mansory ընկերության թյուներների շնորհիվ մեքենայի 5,5 լիտրանոց շարժիչը սկսել է հաղորդել 840 ձիաուժ հզորություն և 1000 Նմ պտտող մոմենտ, գործարանային 544 ձիաուժի և 458 Նմ-ի փոխարեն: Այդ նպատակին հասնելու համար թյուներները փոփոխել են ամենագնացի մի շարք կարևոր էլեմենտներ. օրինակ տեղադրել են նոր ցիլինդրի բլոկի գլխիկ, արտանետման նոր համակարգ և այլն:
Մեքենայի գինը դեռ հայտնի չէ: Հիշեցնենկ, որ գործարանային Mercedes-Benz G63 AMG 6x6-ի գինը 379.000 եվրո է, առանց հարկերի:


|